Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Բուլղարիայում անցկացված Ստրանջայի 74-րդ մրցաշարում

Մրցաշարի փոխչեմպիոններ են դարձել Համբարձում Հակոբյանը և Դավիթ Չալոյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ):

80 կգ քաշային կարգի եզրափակչում Համբարձում Հակոբյանը դժվարին պայքարում զիջել է աշխարհի չեմպիոն, ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբի Գոնսալեսին և պարգևատրվել արծաթե մեդալով: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել եզրափակիչ մենամարտին:

Այս մրցաշարով բռնցքամարտիկները սկսել են նախապատրաստվել մայիսին Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկ՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցում։

Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով Ստրանջայի մրցաշարին, փետրվարի 10-17-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Օլիմպավանում:

Կարեն Աղամալյանի թիմի հետ համատեղ հավաք է անցկացրել նաև Մոլդովայի ընտրանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում