Հակոբ Արշակյանը շեշտում է՝ իշխող ուժի առաջնահերթություններից է ՀՀ-ի ապաշրջափակումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը
Իշխող քաղաքական ուժի հիմնական առաջնահերթություններից է Հայաստանի ապաշրջափակումը և երկարաժամկետ խաղաղության հաստատումը:
Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանն ԱԺ ամբիոնից իր եզրափակիչ ելույթում:
«Մեզ հաճախ թվում է, թե միակ երկիրն ենք աշխարհում, որ թշնամիներ ունենք, միակն ենք, որ պատերազմում ենք: Եվ այդ միակությունը մեզ դարձնում է առանձնահատուկ, մղում է անկյուն, ստիպում է օգնության կանչել ամբողջ աշխարհին, անարդարության և անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա»,-ասաց Արշակյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ցավոք միակը չէ՝ նշելով հարյուրամյա պատերազմների և հակամարտությունների մասին ամենուր: «Մեր գլխավոր խնդիրներից մեկը պետք է դառնա այն, որ ՀՀ-ն , հայ ժողովուրդը առաջնորդվի ոչ թե ատելության, այլ պետության շահերով, ոչ թե էմոցիաներով, այլ սառը դատողությամբ, ոչ թե հույսն այլ տերությունների վրա դնելով, այլ ճիշտ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով, ոչ թե ներսում դավաճանների և մեղավորների փնտրտուքով, այլ ուժերի համախմբմամբ, բացթողումների և սխալներին գնահատական տալով, որպեսզի այլևս երբեք չկրկնենք այն նույն սխալները»,-ասաց նա:
Արշակյանը հավելեց՝ ուրախ կլիներ,եթե ՀՀ-ում ռազմարդյունաբերությունը, տեխնոլոգիաները, պաշտպանական ոլորտը ֆինանսավորվեին ավելի վաղ՝ նշելով, որ դա չի ասում մեղադրելու, այլ ասում է արձանագրելու համար, որից պետք է դասեր քաղել: «Երբ խոսում ենք բանակում կոռուպցիայի մասին, մենք դա չենք անում բոլոր մեղքերն ուրիշների վրա բարդելու համար, մենք դա ասում ենք, որպեսզի ոչ ոք այլևս չփորձի նման կերպ վարվել: Երբ ասում ենք՝ դադարեցրեք հակամարտությունը և եկեք կառուցողական լինենք, դա չենք ասում, որովհետև վախենում ենք, մենք դա ասում ենք, քանի որ դա բխում է մեր պետության և ժողովրդի շահերից»,-ասաց նա:
Կարծիքներ