Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին
Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը ու դեռ պետական հոգածության կացարաններում ունենք բնակվող շուրջ 1000 արցախցիներ: Լեհաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է տրամադրել՝ հիմնականում առաջին օգտագործման պարագաներ, ախտահանիչ միջոցներ և այլն, որոնք անմիջապես կբաշխվեն քաղաքացիներին»,-նշեց Ստեփանյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի խոսքով՝ Արցախից տեղահանված քաղաքացիները ապահովված են անհրաժեշտ պարագաներով, իսկ Լեհաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հավելյալ աջակցություն կլինի նրանց համար:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հումանիտար օգնության կոչ էր արել, ինչին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բավականին արագ արձագանքել է:
« Բեռը նպատակաուղղված է այն քաղաքացիներին, ովքեր իրենց տներն են կորցրել Լեռնային Ղարաբաղում: Ուղարկել ենք փախստականների համար առաջին օգնության պարագաներ, ջերմաչափեր, ճնշումը չափող սարքեր և այլն»,- ասաց Չեպլակը:
Կարծիքներ