Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Բայդենի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հնարավոր հանդիպման համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Արտաքին հարցերով դաշնային վարչության պաշտոնական ներկայացուցիչը:
«Շվեյցարիան պատրաստ է իր ծառայությունները մատուցել, եթե դրանք օգտակար և ցանկալի են: Ծառայությունները ներառում են նաև ընդունող կողմի գործառույթների կատարում կամ օգնություն հանդիպումների կազմակերպման հարցում»,- ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Շվեյցարիան ընդունել ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովը:
Ավելի վաղ նման ցանկություն էր հայտնել Ավստրիան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակցի հետ՝ վերջինիս առաջարկելով հանդիոպւմ անցկացվել երրորդ երկրում:
Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որոնց մասին լուրը մեկնաբանելիս Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը նշել է, որ քննարկվող պատժամիջոցները ոչ մի կերպ չեն նպաստի երկու երկրի ղեկավարների հանդիպմանը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է ՌԴ նախագահը:
Կարծիքներ