Մեկնարկում է Կապանի կրթական նոր մոդելի իրագործումը

Մեկնարկում է Կապանի կրթական նոր մոդելի իրագործումը

Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար` Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մեկնարկման և «Ճանապարհաշինարար» արձանի գեղարվեստական լուսավորման համար:

Նախագծի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացումն արվում է ՀՀ կառավարության՝ կրթական ռեֆորմների շարունակականությունն ապահովելու հանձնառության շրջանակում:

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` վերոնշյալ գումարից շուրջ 60 մլն դրամը նախատեսված է Կապան խոշորացված համայնքի 13 գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կրթահամալիրների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Նախատեսված է իրականացնել կրթահամալիրների վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Ստորև ներկայացվում են նախատեսվող աշխատանքները` ըստ բնակավայրերի.

Կրթահամալիրների վերակառուցում

Աճանան
Օխտար
Արծվանիկ
Գեղանուշ
Սյունիք
Եղեգ
Ծավ
Ճակատեն
Նոր կրթահամալիրների կառուցում

Ներքին հանդ
Շիկահող
Մոդուլային կրթական հաստատությունների կառուցում

Վերին Խոտանան
Դավիթ Բեկ
Եղվարդ
Նշված բոլոր բնակավայրերը աշխատանքների ավարտից հետո կունենան ժամանակակից կրթական շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նոր կրթահամալիրներում կկազմակերպվեն նախադպրոցական և հանրակրթական ծառայություններ, ինչպես նաև կիրականացվեն լրացուցիչ կրթական ծրագրեր` ըստ համայնքների կարիքների: Նոր կրթօջախները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային և մարզական կենտրոններ:

Նոր կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար: Այդ նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ` դրանց սպասարկման համար ձեռքբերված տրանսպորտային միջոցներով, որոնք կունենան վարորդ և ուղեկցորդ:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ Կապանի ծրագրի իրագործման կազմակերպչական խնդիրները տեղում արձանագրելու նպատակով նախարարության ներկայացուցիչները Հայաստանի մանուկների հիմնադրամի և այլ գործընկերների հետ վերջերս այցելել են Սյունիք: Տեղում կատարված դիտարկումների արդյունքներով որոշվել է Սիսիանի թիվ 1 հիմնական, Կապանի թիվ 9 ավագ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցները ներառել Կառավարության ծրագրով հիմնանորոգվող 300 դպրոցների պետական ծրագրում: Քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ Կապանի գյուղական բնակավայրերից մեկում սմարթ կենտրոնի կառուցման ծրագիրը:

Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ նույն որոշմամբ՝ Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման համար կհատկացվի շուրջ 7 մլն դրամ գումար:

Հիշեցնենք, որ արձանի հիմնանորոգումը կատարվել էր 2021 թվականի՝ հուշարձանների նորոգման ծրագրով:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պահուստային ֆոնդից ԿԳՄՍ ոլորտներին ուղղված հատկացումներին, ընդգծել է, որ կրթության համակարգի բարելավումը պետական համալիր ռազմավարություն է, և դրա ամբողջական իրագործումը միայն մեկ գերատեսչության խնդիր չէ:

«Կրթության ոլորտում Կառավարության ծրագրով նախանշված ծրագրերը պետական առաջնահերթություն են»,- շեշտել է նա:

Վարչապետը կարևորել է նաև իրականացվող աշխատանքների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման խնդիրը` որպես մտահոգություն նշելով, որ «Ճանապարհաշինարարներ» արձանը մի քանի անգամ կողոպտվել է: Վարչապետը շեշտել է, որ նման դեպքերը պետք է բացառվեն, և ոստիկանությունը արձանի պահպանման համար պատասխանատվություն է կրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում