Մետրոպոլիտենի տնօրենը ԵՄ դեսպանին է ներկայացրել ապագա զարգացման ծրագրերը
Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին:
Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրել է նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, դեպոյի վերակառուցման և այլ ծրագրերը:
Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս է հայտնել, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում էլ առավել կզարգանա:
Հանդիպմանը քննարկվել են նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր:
Կարծիքներ