Կրակոցներ են հնչել Երևանում, կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր, 18 տեղից կրակված մեքենա
Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած ոստիկաները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։
Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կորսետ։
Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության հանցափորձ), 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։
Կարծիքներ