Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է. Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է. Ռիմա Աբդուլ Մալակն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ ՀՀ այցելած Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

ՖՀ մշակույթի նախարարը շրջել է հուշահամալիրի հիշատակի ծառուղում, որտեղ նախկինում եղևնի է տնկել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի կառուցման պատմությունն ու խորհուրդը: Առանձնակի ներկայացվել է բազալտե հուշապատի վրա հավերժացած Ֆրանց Վերֆելի, Յոհաննես Լեփսիուսի, Անատոլ Ֆրանսի գործունեությունը՝ ընդդեմ հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության:

Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությունը շրջել է նաև թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ներկայացված ցուցադրություններին: ՖՀ մշակույթի նախարարն այցի ավարտին գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում՝ մասնավորապես նշելով.

«Պետք է անտարբեր չլինել խնդիրների հանդեպ, որոնց բախվում ենք: Պետք է գործել՝ հիշելով դրանք: Մենք չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան այս պահին և ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է»։

Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Այցերի ընթացքում նախարարներին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, ԿԳՄՍ նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նշենք՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում այսօր տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի համատեղ ասուլիսը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում