Ակնհայտ է, որ մասնակցության ցուցանիշը 2018-ին չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կգնան տեղամասեր. Դավիթ Խաժակյան

Ակնհայտ է, որ մասնակցության ցուցանիշը 2018-ին չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կգնան տեղամասեր. Դավիթ Խաժակյան

3/32 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց դստեր հետ ընտրության եկած «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը:

Ընտրատեղամասի բակում արդեն մինչ Խաժակյանը կպատասխաներ լրագրողների հարցերին, դուստրը սկսեց երգել՝ «Երևան դարձած իմ Էրեբունի»:

Խաժակյանը ձայնակցեց փոքրիկ Նանեին ու կատակեց՝ «Ես չեմ սովորեցրել, որ երգեր հիմա»:

Այնուհետ Խաժակյանը պատասխանեց՝ հանուն ինչպիսի Երևանի քվեարկեցիք, հարցին:

«Քվեարկեցի հանուն եվրոպական մոդելի Երևանի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի: Շատ բանի անհրաժեշտություն ունենք և հույս ունեմ, որ մեր քվեարկությունն իր նպատակին կծառայի»,- ասաց Խաժակյանը:

Ըստ Խաժակյանի, Երևանի քաղաքապետըարանի վարչություններում ընթացակարգային լուրջ փոփոխությունների կարիք կա, որովհետև բյուրոկրատիան չափազանց ծանր է և մեխանիզմները պետք է թեթևացնել:

«Հաստիքացուցակի էական վերանայումներ ունենք, և քաղաքապետարանը պետք է լինի այնքան հասանելի, որ մարդիկ չզանգեն ինձ՝ ասեն, «ձեզ ընկանք, բայց թեժ գծին չընկանք»»:

Խաժակյանը նաև նշեց, որ մինչ այս պահն ունեցած թվային տվյալների համեմատությամբ կարող է ասել, որ կա մասնակցության ցածր ցուցանիշ:

«Թվերը գալիս են, համեմատական ցուցանիշով կարող ենք ասել, որ մասնակցության ընթացքը ցածր է: Ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կմասնակցեն, որովհետև Երևանի հետագա 5 տարվա կառավարումը կախված է այսօրվանից»,- ասաց Խաժակյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում