Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում նախատեսում է խնամքի 10 կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիական սենյակներ ստեղծել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ սենյակները հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրեր առաջ ավարտվեց մի գործընթաց. ԱՄԷ-ից հրավիրել էինք փորձագետների, ովքեր 2-րդ անգամ էին Հայաստանում և այստեղ էին բերել աշխարհում առաջին ֆունկցիոնալ ստեղնաշարը։ Այն հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործել այդ ստեղնաշարը և, օրինակ, հասանելի դարձնել համակարգիչը։ Այդ ստեղնաշարին հատուկ ակնոց է կցվում և ընդամենն աչքի թարթոցով՝ հնարավոր է տեքստ գրել, կրթվել, օգտվել սոցիալական ցանցերից և այլն։ Ավելի քան 70 փորձագետ՝ մասնագետներ, ուսուցիչներ, նախարարության ենթակայության տակ գտնվող խնամքի կենտրոնների աշխատակիցներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և հանրակրթական ներառական դպրոցների մանկավարժներ, հնարավորություն են ստացել վերապատրաստվել։ Մենք հիմա որոշել ենք մեր ենթակայության տակ գտնվող խնամքի 10 կենտրոնում ստեղծել տեխնոլոգիական սենյակներ, որոնք հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։ Սա ներառականության լավագույն օրինակներից մեկն է, և մենք այս առումով համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան հետ»,- ասաց նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում