Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը

Ամփոփվել է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում իրականացվող եռօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացել են աշակերտական խորհրդի առաքելությանն ու նպատակին, ինչպես նաև այլ երկրներում նմանօրինակ կառույցների փորձին։ Համագործակցային մեթոդների միջոցով նրանք ձեռք են բերել թիմային աշխատանքի հմտություններ, թիմակիցներին լսելու, կարևորելու և քաջալերելու փորձառություն։ Նրանք իրականացրել են հանրակրթական հիմնախնդիրների քարտեզագրում, ինչպես նաև ստացել ժամանակի կառավարման և համատեղ աշխատանքի հմտություններ։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ-ը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում