Ճապոնիայի դեսպանը ծանոթացել է Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայանների աշխատանքին
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Լոռու մարզի Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայաններ:
Ինչպես հայտնել են մարզպետարանից, նրանք տեղում ծանոթացել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Լոռու և Շիրակի մարզերում՝ բարձրացված արտադրողականության, պարենային անվտանգության և բարելավված կենսապահովման համար» ծրագրի արդյունքներին։
Այցին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանը, Ճապոնիայի դեսպանության և ՄԱԶԾ ծրագրի պատասխանատուներ, և «ՏԱՄՍԱՄ» ընկերության ղեկավարությունը։
Այցի ընթացքում հյուրերին են ներկայացվել արդիականացված ոռոգման պոմպակայանները, որտեղ տեղադրվել են էներգաարդյունավետ պոմպեր և 450կՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչի արդյունքում Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել է 90 տոկոսով, իսկ 1 խորանարդ մետր ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41 տոկոսով։
Նոր էներգաարդյունավետ պոմպերի շնորհիվ ոռոգման համար տրամադրվող ջրի ժամաքանակն ավելի քան կրկնապատկվել է՝ նախկին 4 ժամվա փոխարեն հասնելով 8-12 ժամի։ Արդիականացված պոմպակայանները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հեկտար տարածքն ավելացնել ևս 200 հեկտարով։
Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով նոր պոմպերի հզորությունը, հնարավոր է դարձել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ճոճկան-1 պոմպակայանի խողովակաշարը վնասվելու պատճառով խաթարված ոռոգելի տարածքների ջրտուքը կազմակերպել Այրում-Ճոճկան պոմպակայանի միջոցով։
Հյուրերին ներկայացվել է նաև Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման համակարգերի և ոռոգվող տարածքների տվյալների թվայնացված բազան՝ հիմնված աշխարհագրական-տեղեկատվական (GIS) համակարգի վրա։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և տեսանելի իրականացնել ոռոգման գործընթացը, բացահայտել ջրի կորուստները և պատճառները՝ մշակելով հստակ լուծումներ և հստակեցնելով շահառուների կողմից մշակվող հողահանդակների և այգիների տարածքները, տեսակները, և շահառուների ընտանիքների թվաքանակն՝ ըստ սեռատարիքային առանձնահատկությունների։
Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ- ին՝ մարզին ուղղված հերթական աջակցության համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը:
Դեսպան Աոկի Յուտական, ՀՀ կառավարության պաշտոնյաները գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն և կիրականացվեն նաև Հայաստանի այլ մարզերում։
Կարծիքներ