Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ
Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ․ արցախցիները հնարավորություն կունենան ձեռք բերել սոցիալական բիզնես հմտություններ, լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի Հանրապետության կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ օգոստոսի 28-ից մեկշաբաթյա դասընթացներ կանցկացնեն Արցախում:
Ծրագրի շրջանակում «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով դասընթացները կիրականացվեն ինչպես մասնակիցների անմիջական ներկայությամբ, այնպես էլ առցանց ձևաչափով։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։ Սա կնպաստի Արցախում սոցիալական ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների զարգացմանը, կխթանի սկսնակ ձեռնարկատերերի գործունեությունը։
Ծրագիրը կիրականացվի ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի աջակցությամբ։
Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը (պարտադիր լրացման հայտը՝ ներքևում):
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն՝
• Սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) մասին գիտելիքներ,
• ՍՁ գաղափարից բիզնես ծրագիր կազմելու հմտություններ,
• ՍՁ լավագույն բիզնես գաղափարների ֆինանսավորում,
• ԱՀ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման, համայնքների զարգացման, առաջխաղացման մի շարք նորարար ու գործուն մեխանիզմների և մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն,
• Ճգնաժամային իրավիճակներում համակարգված աշխատելու, համայնքի իրացվող և չիրացվող ռեսուրսները ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու վերաբերյալ պատկերացում,
• Ոլորտի առաջատար փորձագետների և մենթորների կողմից խորհրդատվություն,
• Շարունակական կրթություն ստանալու և գործարար նոր կապերի ստեղծման հնարավորություն։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի հավաստագիր։
ՍՁ բիզնես կրթական ծրագրում ընդգրկված են հետևյալ թեմաները՝
• ՍՁ բիզնես գաղափարի ձևակերպում և վալիդացում,
• շուկայի հետազոտությունից և սեգմենտավորումից մինչև սոցիալական բիզնեսի մոդելավորման սխեմայի կազմում,
• ֆինանսական պլանավորում և ՍՁ մարքեթինգային ռազմավարության մշակում,
• Սոցիալական ազդեցության և ռիսկերի գնահատում, գործիքների տրամադրում
• Լավագույն ՍՁ բիզնես գաղափարի ֆինանսավորման ներկայացման հմտությունների ուսուցում
Նախաձեռնության իրականացմանը կաջակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։
Դիմում-հայտը լրացնելու համար անցել հետևյալ հղումով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է։
Հարցերի դեպքում զանգահարել (+374) 98 005513 և (+374) 94 004213 հեռախոսահամարներով կամ գրել Սոցիալական Ձեռներեցների դպրոցի ֆեյսբուքյան էջին կամ էլ. հասցեին՝ [email protected]:
Կարծիքներ