Քննարկվել են հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցեր

Քննարկվել են հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցեր

Հունիսի 23-ին Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը՝ ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման մեկնարկին կողմերը ողջունել են Հայաստանի և Նորվեգիայի միջև ս․թ․ հունիսին նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-նորվեգական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման կարևորությանը՝ կողմերը դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։

Կողմերը ծանոթացել են միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ 

Այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտում (NUPI):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում