Դամասկոսի օդանավակայանը կվերսկսի միջազգային չվերթների սպասարկումը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթների սպասարկումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին EFE գործակալությանը հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Աշհադ աս Սուլաիբին։
Նա, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ ավիաընկերությունների ինքնաթիռներն է ընդունելու օդանավակայանը։
«Կարող եմ հավաստիացնել արաբական և օտարերկրյա մյուս ավիաընկերություններին, որ մեր գործընկերների աջակցությամբ աշխատում ենք Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների աշխատանքն ամբողջական ծավալով վերականգնելու ուղղությամբ»,- նշել է աս Սուլաիբին։Ներքին ուղղություններով չվերթների սպասարկումը Դամասկոսի օդանավակայանը վերսկսել էր 2024 թվականի վերջին։
EFE-ի հաղորդմամբ՝ դեպի Դամասկոս թռիչքների իրականացման պատրաստակամության մասին օրեր առաջ հայտնել էր Qatar Airways ավիաընկերությունը։ Նման մտադրության մասին հայտնել են նաև այլ ավիաընկերություններ, որոնք, սակայն, նախ ձգտում են կարգավորել լոգիստիկայի և անվտանգության որոշ հարցեր։
Կարծիքներ