«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ-ն աջակցում է միջազգային իրավունքը ոտնահարող այդ քայլին». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ քրդական ուժերի և ամերիկյան կազմակերպության միջև կնքված նավթային գործարքի մասին
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF, սիրիական ընդդիմության զինված ուժերի խմբավորում, որը ներառում է քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը) և ամերիկյան Delta Crescent Energy LLC ընկերության միջև Սիրիայի հյուսիս-արևելքում նավթի համատեղ արդյունահանման և վերամշակման վերաբերյալ կնքված համաձայնագրին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիայի բնական ռեսուրսները պատկանում են սիրիացի ժողովրդին: Մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ-ն աջակցում է այս քայլին, որը ոտնահարում է միջազգային իրավունքները, Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հօգուտ ահաբեկչության: Սա չի կարող արդարացվել ոչ մի օրինական դրդապատճառներով, այն ամբողջովին անընդունելի է»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են նաև, որ «քրդական ուժերը նպատակ ունեն սիրիացի ժողովրդի ռեսուրսներն օգտագործելու միջոցով անջատողական օրակարգ առաջ մղել»:
Կարծիքներ