Կայացավ «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովը
Հունիսի 1-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազամակերպված «Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով միջոցառումը։
Միջոցառումը միտված էր խթանելու երեխաների լսված լինելու, կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը և ԱՀ մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։
Քրիստիննե Գրիգորյանը իր խոսքը սկսել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներից։ Նա նշել է․ «Իրենց վերաբերյալ կայացվող որոշումներին երեխաների իմաստալից մասնակցությունը բխում է երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի էությունից և իհարկե երեխայի լավագույն շահից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն հնարավորինս շատ հարթակներ և հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը այդ նպատակին ծառայող մեկ լավ հնարավորություն է»։
Քրիսթինե Վայգանդը նշել է «ՅՈՒՆԻՍԵՖ-ը, լինելով երեխայի իրավունքների պաշտպանության երաշխավոր կազմակերպություն, աշխատում է աշխարհի ամենատարբեր անկյուններում՝ երաշխավորելու ու պաշտպանելու երեխաների բոլոր իրավունքները։ Զարգացող աշխարհում երեխայի իրավունքների համար մարտահրավերները ևս ավելանում են՝ ճգնաժամերով, համավարկներով և այլ դժվարին իրավիճակներով պայմանավորված։ Սակայն երեխայի իրավունքների պաշտպանությունն անհնար է առանց երեխաների, և ես ուրախ եմ, որ այսօր մենք Հայաստանում հնարավորություն ունենք ձեզնից լսելու, թե ինչի մասին եք մտածում, ինչ խնդիրներ եք տեսնում կամ ինչ առաջարկություններ ունեք։ Նաև շնորհակալ եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այս համատեղ ջանքի համար»։
Անդրեա Վիկտորինը, շնորհավորելով երեխաներին ու երիտասարդներին, շեշտել է. «Երեխաների իրավունքները պետք է լինեն պաշտպանված ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կրթության կամ շրջակա միջավայրի պաշտպանությանը միտված մեր ծրագրերի շրջանակում մենք աշխատում ենք երիտասարդների հետ ու ամեն անգամ բացահայտում ենք, որ դուք շատ ավելի հետաքրքրված եք, ավելի խիզախ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Ես ուզում եմ, որ դուք լավ կյանքի հնարավորություն ունենաք, լինեք ազատ ու մասնակցեք որոշումների կայացմանը»։
Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի ամենուրեք ու բոլորի երեխաների համար՝ անկախ երեխայի բնակության վայրից ու կարգավիճակից։
Միջոցառման ընթացքում բանախոս երեխաները հանդես են եկել անհատական և խմբային ելույթներով, որտեղ ներկայացրել են իրենց իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ: Երեխաների ելույթները վերաբերում էին 3 հիմնական թեմաների՝ կրթությանը և սոցիալական ներառմանը, հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանվածությանը և անվտանագությանը, ինչպես նաև բուլինգին և խտրական վերաբերմունքին:
Կրթության և սոցիալական ներառման թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտի բացերին, մասնավորապես, երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտներին, բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը և լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հաղորդակցման ու իրենց իրավունքների իրացման համար առկա դժվարություններին:
Ներկայացվել են նաև հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանության և անվտանգության հարցեր։ Մասնակիցները խոսել են երեխաների համար կիբերանվտանգության կարևորության, պատերազմի՝ որպես երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարման երևույթի մասին, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքում հարգանքի կարևորության մասին։ Երեխաները նաև խոսել են դպրոցներում բուլինգ արատի և խտրականության մասին, ինչը միայն ի վնաս է աշխատում նրանց անձի կայացման և ապագայի համար։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ոլորտային նախարարությունների, ոստիկանության ու քաղաքային իշխանության, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակեպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ելույթներից հետո երեխաները համաժողովի մասնակիցների հետ միասին անց են կացրել քննարկումներ, որտեղ առաջարկել են բարձրացված խնդիրների համար լուծումների իրենց տարբերակները։
Միջոցառումը շարունակվել է “Թումո” այգում՝ պարային համարների կատարմամբ, խաղերի և հաճելի երաժշտության միջավայրում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին միջոցառումը հյուրընկալելու համար։
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 400 երեխա՝ առցանց և առկա ձևաչափերով Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից։
Կարծիքներ