Մահացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը:
Բազմակողմանի զարգացած, մասնագիտությամբ իրավագետ Գ. Գրիգորյանը 1964թ. ՀԽՍՀ ՊԱԿ-ում իր ծառայությունն սկսել է օպերլիազորից՝ հասնելով բաժնի պետի պաշտոնի, այնուհետև ծառայությունը 1984-1991 թթ. շարունակել է ՀՍՍՀ ՆԳՆ-ում՝ որպես նախարարի տեղակալ: 1991-1992 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի-ՍԶ հրամանատարի պաշտոնը:
1992-1993 թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր սահմանապահ կոմիսար, 1993 թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և գլխավորել այդ կառույցը մինչև 1995 թ.:
1995 թ. Գ. Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ԱԱՊՎ պետի տեղակալ: 1995-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԱ նախարարի տեղակալի, 1996 թ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1996-1999 թթ.՝ ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1999-2003 թթ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 2003 թ.՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնները:
Գ. Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման և ՀՀ ազգային անվտանգության մարմինների կայացման գործում: Ազնիվ ու անբասիր ծառայության համար գեներալ-մայոր Գ. Գրիգորյանը բազմիցս պարգևատրվել է:
2005թ. հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով արձակվել է զինվորական ծառայությունից՝ կենսաթոշակի սահմանային տարիքի լրանալու կապակցությամբ:
Վերջին տարիներին հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի նախագահ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խորին ցավակցություն է հայտնում պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:
Գրիգոր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու 05.11.2020 թ. ժ. 18:00-ին Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ 06.11.2020 թ. ժ. 13:00-ին՝ նույն վայրից:
Կարծիքներ