Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել նաև մարզասրահներից, լողավազաններից. նախագիծն ԱԺ-ում է
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
«Փոփոխությունը վերաբերում է սոցփաթեթի ծախսման ուղիներին: Առկա 4 ուղղություններին մենք առաջարկում ենք ավելացել ևս 2-ը՝ մարզաառողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարումը և երկրորդը՝ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը»,- ասաց Սարգսյանը:
Մինչև այժմ սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովումը ՀՀ-ում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ուսման վճարի մարումը, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերումը:
«Իմ քայլից» Սոնա Ղազարյանը նկատեց, որ նախագիծը բուռն քննարկման առարկա է դարձել, խնդրեց ներկայացնել, թե ովքեր են նախագծի շահառուները: Փոխնախարարը ևս նշեց, որ նախագիծը կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո բուռն քննարկման առիթ դարձավ՝ ընդ որում սխալ ուղղությամբ: «Այս նախագծով չի նախատեսվում ընդլայնել շահառուների թիվը: Նախագիծը վերաբերում է, օրինակ, քաղածառայողներին, և շահարկվող գաղափարը, թե սա վերաբերում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, օրինակ՝ փոխնախարարներին, նախարարներին, փոխվարչապետներին, վարչապետին, սուտ է, նրանց դա չի վերաբերում: Այդ խմբերի ներկայացուցիչներից ոչ ոք սոցփաթեթի շահառու չէ, և չի էլ նախատեսվում, որ կհանդիսանա»,- ասաց նա:
Կարծիքներ