Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։

Նորին Սրբությունը, դեսպանին մաղթելով արդյունավոր առաքելություն Հայաստանում, գոհունակությամբ նշել է, որ դեսպանատան և Մայր Աթոռի միջև հարաբերությունները մշտապես եղել են ջերմ և բարեկամական: Վեհափառ Հայրապետն ի դեմս դեսպանի իր շնորհավորանքներն է փոխանցել Գերմանիայի ժողովրդին նոր վարչապետի ընտրության կապակցությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Գերմանիայի իշխանություններին պատերազմի և հետպատերազմյա շրջանում Հայաստանին ցուցաբերած զորակցության համար։

Դեսպան Ռիխտերը, իր հերթին, վստահեցրել է Հայոց Հովվապետին, որ կանի հնարավորը երկու երկրների առկա բարեկամական հարաբերությունների առավել խորացման և ամրապնդման համար։ Խոսելով Գերմանիայի հասարակական կյանքում հայ համայնքի ու եկեղեցու ներգրավվածության մասին՝ դեսպանն ընդգծել է, որ այն ևս իր նպաստն է բերում երկու երկրների փոխգործակցության զորացման գործում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ ռազմագերիների վերադարձի և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական հոգևոր, պատմշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային տարբեր ատյանների կողմից տարվող աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում