Ալիևի ինքնաթիռը ՌԴ օդային տարածքում կորցրել է GPS ազդանշանը

Ալիևի ինքնաթիռը ՌԴ օդային տարածքում կորցրել է GPS ազդանշանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինքնաթիռը դեկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս, ՌԴ օդային տարածքում կորցրել է GPS ազդանշանը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը։ 

 

«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը փաստացի ընդունել է, որ Ալիևի ինքնաթիռը բախվել է արտաքին տեխնիկական միջամտության։ Բացահայտումները տեղի են ունենում միջադեպի հետ կապված հանգամանքների աճող ուսումնասիրության ֆոնին՝ ներառյալ Ռուսաստանի օդային տարածքում GPS ազդանշանի կորստի մասին հաղորդումները»,- գրում է աղբյուրը:

 

Ըստ լրատվականի՝ Ալիևի ինքնաթիռը հանկարծակի լքել է Ռուսաստանի օդային տարածքը և վերադարձել Բաքու՝ անսպասելի ռադիոտեխնիկական խնդիրների պատճառով:

 

«Տեխնիկական խնդիրների նմանությունները, որոնց բախվել են Ալիևի և կործանված AZAL-ի ինքնաթիռները, ապշեցուցիչ են, մասնավորապես, GPS ազդանշանների կորուստը Ռուսաստանի կողմից վերահսկվող օդային տարածքում»,- գրում է գործակալությունը:

 

Նշվում, որ վերլուծաբանների կարծիքով՝ այս միջադեպերը կարող են լինել ավելի լայն աշխարհաքաղաքական մանևրի մաս՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրների շուրջ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությունը:

 

«Եթե Ադրբեջանն այս միջամտություններն ընկալի որպես իր ինքնիշխանությանն ուղղակի սպառնալիք, դա կարող է հանգեցնել նրա անվտանգության ռազմավարության վերանայմանը և տարածաշրջանային դաշինքներում հնարավոր փոփոխությունների»,- եզրափակում է գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում