Կառավարությունը հաստատվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագիրը: 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով, որի շրջանակում հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում 1 հա-ի համար կտրամադրվի 120000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70000 դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը, իսկ ցածրադիր շրջաններում եղանակային պայմաններից կախված, մինչև 2022 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակը:
Շահառուները ոչ ուշ քան 2023 թվականի ապրիլի 1-ը փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում՝ ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձման ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը։ Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող։
Կարծիքներ