Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է:
Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:
Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ազիզ Թամոյանին և եղբայրական եզդի ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած գործուն աջակցության համար, և ընդգծել, որ համատեղ ջանքերով կրկին հաջողվելու է չեզոքացնել արտաքին վտանգները:
Կարծիքներ