Նեթանյահուի որդին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետին «զվարճացնում» են իր դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաները

Նեթանյահուի որդին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետին «զվարճացնում» են իր դեմ ուղղված զանգվածային բողոքի ակցիաները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին` Յաիր Նեթանյահուն, Galei Israel Radio ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ իր հայրը ծիծաղում է իր դեմ հանդես եկող «այլմոլորակայինների» լուսանկարների վրա, գրում է haaretz.com կայքը:

«Ես երբեմն նրան ցույց եմ տալիս մի քանի ընտրված տեսանյութեր, աշխատում եմ շատ կոպիտ բաներ ցույց չտալ, որովհետև ամեն դեպքում հաճելի չէ: Դա զվարճացնում է նրան և նույնիսկ մի քիչ ուժ է տալիս»,-ասել է Յաիրը:

Նեթանյահու կրտսերը, որը պաշտոն չունի, հայտնի է դարձել սոցիալական ցանցերում իր ոչ միանշանակ մեկնաբանություններով:

Թվիթերում Յաիրը փորձել է հստակեցնել իր դիտողությունները` հայտարարելով, որ այն ցուցարարները, որոնց ինքը նկատի ուներ ռադիոկայանի հետ զրույցում, զվարճալի կոստյումներով են եղել:

«Ես նկատի ունեի նրանց, ովքեր հագնվել էին ինչպես այլմոլորակայիններ և սեռական օրգաններ, նրանց, ովքեր կոպիտ գրառումներով պաստառներ էին պարզել, սպագետիի ափսեներ էին դրել գլխին կամ հագնվել էին ինչպես Սարդ-մարդը: Նրանք այնքան շատ են, և դա ծիծաղելի է»,-գրել է Նեթանյահու կրտսերը:

Վարչապետի որդին նշել է, որ արդեն ծիծաղելի չէ այն, որ ԶԼՄ-ների աջակցությամբ անարխիստական ցույցերի ժամանակ «աճում է բացահայտ սպանության կոչերի թիվը»:

Ի պատասխան Նեթանյահուի որդու խոսքերին՝ «Սև դրոշ» շարժումը, որը հակակառավարական ցույցերի կազմակերպիչներից է, հայտարարել է.«Միլիոնավոր գործազուրկներ ծիծաղեցնում են նրան, համաճարակից մահացող քաղաքացիները զվարճացնում են»:

Հղում անելով վարչապետի նկատմամբ քրեական գործերին՝ հայտարարության մեջ ավելացվել է. «Մեղադրյալի ընտանիքի համար մենք նույնիսկ մարդ չենք: Սա վարչապետ չէ: Սա մեղադրյալ է, որի համար իր ժողովրդի տառապանքները զվարճալի են: Ցույցերը շարունակվելու են, մինչև նա հրաժարական տա»:

Ցուցարարները բողոքում են կորոնավիրուսի բռնկմանը երկրի կառավարության արձագանքի և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի համար, ինչի հետևանքով շատ իսրայելցիներ գործազուրկ են դարձել, ինչպես նաև պահանջում են 3 կոռուպցիոն գործերով մեղադրվող Բենիամին Նեթանյահուի հրաժարականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով:

Ինքը` Նեթանյահուն, բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում