Շիրակի մարզպետը և ԱԺ «Իմ քայլի» պատգամավորն այցելել են Երազգավորս և Բայանդուր համայնքներ

Շիրակի մարզպետը և ԱԺ «Իմ քայլի» պատգամավորն այցելել են Երազգավորս և Բայանդուր համայնքներ

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Երազգավորս և Բայանդուր համայնքներ։

 

Համայնքներում անցկացվել են աշխատանքային խորհրդակցություններ, որտեղ պատասխանատուները համատեղ լսել ու քննարկել են համայնքաբնակներին հուզող հիմնահարցերը։

 

«Համայնքային այցելությունները շարունակական բնույթ են կրում, քանզի ինձ համար կարևոր են տեղում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալը, այլև համայնքների ղեկավարների, համայնքաբնակների կարծիքները, դրանց լուծման մասին նրանց տեսակետները լսելը։ Շատ ճիշտ է, երբ տեղացին է իր խնդրի լուծման մասին խոսում, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով արդյունքներ կգրանցենք»,- նշել է Շիրակի մարզպետը։

 

Երազգավորսում բարձրացվել են մանկապարտեզ, Բայանդուրում՝ նոր դպրոց ունենալու խնդիրները։

 

Երազգավորսը 2020 և 2021 թվականներին մի շարք խնդիրներ լուծել է պետության հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Սուբվենցիոն ծրագրերով 2020 թվականին ասֆալտապատվել է կենտրոնական մուտքի թիվ 8-րդ փողոցը, ոռոգման համակարգը պլաստիկ խողովակաշարով է փոխարինվել։ 2021 թվականին նախատեսվում է թիվ 8 փողոցի արտաքին լուսավորության ցանցի անցկացում և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

 

Բայանդուր համայնքը ևս 2020 թվականին մի շարք սուբվենցիոն ծրագրեր է իրականացրել, մասնավորապես, համայնքը գազիֆիկացվել է, կառուցվել է 1500 մետր երկարությամբ ոռոգման ինքնահոս փակ համակարգի պլաստիկ խողովակաշար, հիմնանորոգվել են մշակույթի տունն ու համայքապետարանը։ 2021 թվականին համայնքը նախատեսում է կենտրոնական մուտքի փողոցի ասֆալտապատում, համայնքապետարանի և մշակույթի տան շենքերի սեյսմակայունության բարձրացում, արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում, ինչպես նաև ոռոգման ցանցի վերանորոգում և կառուցում։

 

Ընդհանուր առմամբ 2020 թվականին երկու համայնքներում իրականացվել է 312 մլն 910 հազար դրամի աշխատանք, որից 118 մլն 763 հազար դրամի համաֆինանսավորման բաժինը համայնքներինն է եղել։ 125 մլն 300 հազար դրամի աշխատանք էլ համայնքներում կիրականացվի 2021 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում