Արման Խոջոյանը Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հայաստանից միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա հիմնված և գիտական ամենավերջին մոտեցումները, գործողությունների կոալիցիաների միջոցով գործարկել մի շարք նոր հանձնառություններ և մոբիլիզացնել նոր ֆինանսավորում ու գործընկերություն։
Նախագագաթնաժողովին նախորդել են ազգային աշխատաժողովները, որոնք նվիրված են եղել անվտանգ սննդի ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև այն միջոցառումներին, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում։
Նախագագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել հազարավոր երիտասարդների, ֆերմերների, քաղաքացիական հասարակության, գիտնականների, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի ոլորտների ներկայացուցիչների ավելի քան 140 երկրներից։ Այցի շրջանակում հուլիսի 27-ին Արման Խոջոյանը և տարբեր երկրների նախարարներ ու փոխնախարարներ մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որը կրում էր «Սննդի համակարգերի վերափոխում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար. դիմագրավելով մարտահրավերներին» խորագիրը։ Այն նվիրված էր ազգային և տարածաշրջանային սննդի համակարգերի վերափոխման ուղիների ուսումնասիրմանը։
Հանդիպման ընթացքում տարբեր երկրների գյուղատնտեսության նախարարները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, նշել իրենց առաջնահերթությունները, վերլուծել իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները: Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկրներում սննդի համակարգերի վերափոխման անհրաժեշտությանը։ «Հաճախ մենք կարծում ենք, որ այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք, վերաբերում են միայն մեր երկրին: Մինչդեռ, երբ մենք ունկնդրում ենք մեր գործընկերներին, ապա հասկանում ենք, որ բոլոր երկրներում առկա մարտահրավերները հիմնականում նույնն են՝ չնչին տարբերություններով։ Ուստի՝ շատ կարևոր է հավաքական ջանքերի գործադրումը, ինչպես նաև նման միջոցառումների կազմակերպումը, փորձի փոխանակումը և արդյունքում այս ուղղությամբ ընդհանուր ռազմավարության մշակումը», - իր խոսքում նշել է Արման Խոջոյանը։
Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առավել արդիական մարտահրավերները՝ Արման Խոջոյանը ընդգծել է ջրային ռեսուրսների խնայողության նպատակով ոռոգման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ վերափոխման ուղիներ պետք է մշակվեն Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով՝ հավելելով, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ժամում մոտ 5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 12 ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ անդամ երկրներում` շուրջ 43 ԱՄՆ դոլար։ Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է գյուղատնտեսության բնագավառում մարդկային կապիտալի, մասնագիտական գիտելիքների, որակյալ կրթության և երիտասարդների ներգրավման մեծ դերը տնտեսական աճի ապահովման հարցում։
Արման Խոջոյանը ունեցել է մի քանի այլ ելույթներ` ներկայացնելով Հայաստանի սննդի համակարգերի վերափոխման ճանապարհային քարտեզը, ինչը թույլ կտա դիմակայել գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ կլիմայի փոփոխությանը, անհավասարության աճին, սննդային անվտանգությանն առնչվող խնդիրներին և թերսնմանը։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը ունեցել պաշտոնական մի շարք այլ հանդիպումներ ու քննարկումներ, որոնք ապագայում համատեղ ծրագրերի՝ կյանքի կոչման մեծ ներուժ ունեն: Գագաթնաժողովի շրջանակում 2020 թվականից պարբերաբար անց են կացվում առցանց հանդիպումներ, հանրային ֆորումներ, որոնց ընթացքում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները կամփոփվեն, իսկ անդամ երկրները կուսումնասիրեն ներկայացված լավագույն գաղափարների գործարկման հնարավորությունները։ Նախագագաթնաժողովին կհաջորդի Պարենային համակարգերի գագաթնաժողովը, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ համատեղ։
Կարծիքներ