ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի և Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդականի հետ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի:
Զրուցակցիները մտքեր են փոխանակել հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման վերաբերյալ:
Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը: Այս համատեքստում քննարկվել են ԵՄ քաղաքացիական առաքելության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը և առաքելության աշխատանքներին առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը կարևորել է ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշումը և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի ներդրած ջանքերը:
Կարծիքներ