Ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների վարչության պետ Անդրիուս Պուրվանեցկասի գլխավորած պատվիրակությունները:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը և լարվածության թուլացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Հանդիպման մասնակիցներն ամփոփել են երկկողմ համագործակցության շրջանակում նախորդ տարիներին կատարված աշխատանքները, քննարկել համագործակցության զարգացման հնարավորությունները:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2022 թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 71 միջոցառում Հայաստանում և Լիտվայում:
Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմական բժշկությանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին:
Կարծիքներ