ԲԴԽ-ն երեք դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում է կայացրել
Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի կողմից երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են:
Դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, այն է՝ Զարուհի Նախշքարյանը, դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման հրապարակմանը նախորդող օրը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 26.12.2022 թվականին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները:
Մասնավորապես, ի թիվս այլ գնահատականների, դատավորը Բարձրագույն դատական խորհրդի որոշումը գնահատել է որպես անակնկալ որոշում և խնդրահարույց համաչափության տեսանկյունից, կայացված որոշումը որպես հիմք ընդունելով՝ պետության կողմից դատարանների ծանրաբեռնվածության հարցին լուծում չտալը դատավորը գնահատել է որպես միտում՝ դատավորներին Բարձրագույն դատական խորհրդի առաջ պատասխանատվության կանգնեցնելու նպատակով:
Բացի այդ, դատավորն առանձնացրել է Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու՝ որպես կարգապահական տույժի տեսակ նշանակելուն կողմ քվեարկած Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց կայացրած որոշման հետ ապրելու պարտականությունը՝ Facebook սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ՝ նշելով, որ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու: Ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը: ԴՈՒՔ»:
Բարձրագույն դատական խորհրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարել է նկատողություն:
Կարգապահական վարույթ հարուցվել է այն հիմքերով, որ Արթուր Ստեփանյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ նա աշխատանքային վեճով գործի քննությունն իրականացրել է դատավարական ժամկետների խախտմամբ, այն՝ է 11 ամսում, իսկ գործով կայացված դատական ակտը հրապարակել և կողմերին է տրամադրել սահմանված ժամկետից 1 տարի անց: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը ևս ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Դատավորին տրվել է նախազգուշացում։
Դատավորը, կիրառված համաձայնեցման վարույթի շրջանակներում մեղադրյալին նշանակել է պատիժ՝ ազատազրկում 5 ամիս ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև մյուս քրեական գործով մեղադրյալներին մեղավոր ճանաչելով՝ որպես պատիժ նշանակել է ազատազրկումը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ սահմանել է փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով:
Դատավորի կողմից թույլ տրված խախտումները դրսևորվել են նրանում, որ դատարանն իրավազոր չէր նշանակել ազատազրկումը՝ որպես պատիժ, քանի որ գործերով մեղադրյալներն առաջին անգամ էին ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարել, և նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր առկա չեն եղել, հետևաբար՝ գործել է օրենսդրության հետադարձ ուժ ունենալու կանոնը: Ինչպես նաև դատարանն իրավազոր չի եղել հաստատելու համաձայնության մասին արձանագրությունները, քանի որ համաձայնության արդյունքով սահմանվող պատիժը չի համապատասխանել քրեական օրենքի ընդհանուր մասի վերաբերելի դրույթներին:
Նման պայմաններում դատարանը պարտավոր էր սահմանել առավելագույնը տասնհինգօրյա ժամկետ՝ նոր արձանագրություն կազմելու և դատարան ներկայացնելու համար:
Կարծիքներ