Վրաստանի դատախազությունից հայտնել են ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիայի ազատ արձակման պայմանը
Վրաստանի դատախազությունը պատրաստ է դատարան դիմել «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային ազատ արձակելու միջնորդությամբ, եթե վերջինս վճարի սահմանված գրավը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դատախազ Ամիրան Գուլուաշվիլին:
«2020 թվականի նոյեմբերի 3-ին սահմանված գրավի պայմանների կատարման դեպքում դատախազությունը պատրաստակամություն է հայտնում դիմելու Թբիլիսիի քաղաքային դատարան՝ Նիկա Մելիայի դեմ կիրառված կալանքը գրավով փոխարինելու համար»,- ասել է վերջինս:
Այսօր ավելի վաղ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Մելիայի փաստաբանների դիմումը:
Ընդդիմադիր Նիկա Մելիային մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների մասին գործով: Վերջինիս կրկին ձերբակալել են փետրվարի 18-ին, երբ նա հրաժարվել է վճարել 40 000 լարիի չափով գրավը: Նրա ձերբակալությունից հետո երկրում ակտիվացել են բողոքի ցույցերն ու ընդդիմության հանրահավաքները:
Կարծիքներ