Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին. Փաշինյանն ու Շոլցը հանդիպում են ունեցել

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Վարչապետ Փաշինյանը առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները:
ՀՀ վարչապետը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության՝ հիմնված ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի զարգացումների մասին:
Կանցլեր Շոլցն իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը:
Կարծիքներ