E-work-ը կարող է վերլուծության օգտակար աղբյուր դառնալ ԿԳՄՍՆ-ի համար. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է պանելային քննարկման

E-work-ը կարող է վերլուծության օգտակար աղբյուր դառնալ ԿԳՄՍՆ-ի համար. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է պանելային քննարկման

Այսօր կայացել է աշխատանք գտնելու և առաջարկելու առաջին մասշտաբային պետական հարթակի՝ e-work.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Հարթակը նպատակ ունի կամուրջ ստեղծելու գործատուի և աշխատանք փնտրողի միջև, մեկտեղելու ՀՀ-ում առկա թափուր աշխատատեղերը, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:

e-work.am-ի շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Զբաղվածության մարտահրավերները թվայնացման դարաշրջանում» թեմայով պանելային քննարկում:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Պանելային քննարկման առանցքում ևս e-work.am հարթակն էր. բանախոսներից յուրաքանչյուրը դրան անդրադարձել է իր համակարգման տիրույթի դիտանկյունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է, որ կրթության ոլորտում ևս, ի թիվս այլ ոլորտների, թվայնացման ակտիվ գործընթացներ են իրականացվում ինչպես սովորողների, կրթական ծրագրերի, այնպես էլ դրանց մասին հավաստող փաստաթղթերի թվայնացման ձևաչափով:

«Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում մենք բավականին համապարփակ ինֆորմացիա ունենք, սակայն այս պահին հանրակրթության մակարդակում է, որ կարող ենք փաստել 100-տոկոսանոց ծածկույթի մասին: Անցած տարվանից արդեն իսկ թվայնացվել են նաև ավարտական ատեստատները», - ասել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ ներկայում գործընթացներ են իրականացվում նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բուհական կրթության շրջանակում թվայնացման և տվյալների առավել հասանելիության ապահովման ուղղությամբ:

Առաջիկայում, ըստ Արաքսիա Սվաջյանի, թվային հարթակում ներկայացնելու են բոլոր ուսումնական հաստատությունները՝ իրականացվող դասընթացները, բուհերի, նախնական ու միջին մասնագիտական կրթության որակավորման փաստաթղթերը: Այս բոլոր տվյալները հետագայում հնարավոր կլինի կապել նաև e-work համակարգին, եթե դրա կարիքը լինի:

Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև լրացուցիչ և շարունակական կրթության ոլորտում իրականացվող թվայնացմանը: Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ կրթության զարգացման ծրագրով նախատեսված է ունենալ ռեեստր, որտեղ հավաքագրված կլինեն երաշխավորված դասընթացները: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իրականացվում են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև E-work-ի՝ որպես պահանջված մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերլուծական հարթակ դիտարկվելու հնարավորությանը:

Ի պատասխան «Որքանո՞վ կարող է այս հարթակն օգտակար լինել ԿԳՄՍ նախարարության համար՝ կրթության խնդիրները և դրա բովանդակության հետ կապված թեմաները ձևակերպելու տեսակետից» հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ միանշանակ օգտակար կլինի, եթե հնարավոր լինի տեղեկատվություն ստանալ, թե որ մասնագիտությունների կարիքն ավելի շատ կա աշխատաշուկայում, և որ մասնագիտությունն ինչքանով է պահանջված: «Այս թեմայով մենք քննարկումներ ենք ունեցել Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ: Սա իսկապես կարևոր տեղեկատվություն է մասնագիտությունների տեղերի հատկացման, ինչպես նաև նոր մասնագիտությունների ներդրման առումով», - ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ այժմ կրթական համակարգում առկա են ժամանակավրեպ մասնագիտություններ, ինչպես նաև ձևավորվել են բնագավառներ, որոնց մասնագետների պատրաստման տեսանկյունից անելիքներ կան:

Նշենք, որ հարթակի շնորհանդեսից հետո մեկնարկել է «Աշխատանքի տոնավաճառ-2024»-ը, որին իրենց տաղավարներով մասնակցել են առաջատար գործատուներ՝ առողջապահության, արտադրության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներից: Տոնավաճառին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում