Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի

Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 135-ի, շուրջ 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Գանսուում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են աղետից 15 ժամ անց։ Ըստ նահանգի իշխանությունների՝ անհետ կորածներ չկան։ Սակայն, ըստ Reuters-ի, առայժմ պարզ չէ՝ արդյոք հարևան Ցինհայում մարդկանց որոնումները շարունակվում են։ Ցինհայում 12 մարդ դեռ անհետ կորած է։

Տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով մասնագետներին, նշում են, որ ըստ Ցելսիուսի -10 աստիճանում փլատակներում մնացած մարդկանց մոտ կարող է հիպոթերմիա զարգանալ, և նրանք ողջ մնալու շանսեր ունեն 5-10 ժամ, եթե վիրավոր չեն։

Գանսուի և Ցինհայի նահանգներում դեկտեմբերի 18-ին՝ կեսգիշերից առաջ տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժը մեծ ավերածություններ է արել։ Ավելի քան 207 000 տուն է վնասվել, 15 000-ը փլուզվել է։ Ցնցումներն առաջացրել են նաև սողանքներ, վնասել են ճանապարհները, էլեկտրահաղորդալարերը և ջրագծերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում