Աթոռակռի՞վ, թե՝ եղանակների տաքացման հետևանք. ընդդիմությունը Պուտին-Փաշինյան հանդիպումից առաջ կրկին փողոցում է
Հայաստանյան ընդդիմությունը, որը պարբերաբար աչքի է ընկնում Հայրենիքը փրկելու ակցիաների իրականացմամբ, վերջին օրերին կրկին ակտիվացել է։ Սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ ընդդիմությունը բավականին «լուրջ է» տրամադրված. ինչպես հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ «տուն չենք գնալու՝ մինչև չհասնենք մեր նպատակին»։ Բացի Վանեցյանից՝ ակցիաներ ու գործողություններ սկսելու մասին են հայտնել նաև «Հայաստան» դաշինքը և Կարին Տոնոյանի «5165 շարժում» կուսակցությունը։ Այս մաին գրում է ArmeniaNews-ը:
Սակայն տեղի ունեցողը այնքան էլ հերթական պլանային ներկայացում չի կարելի համարել, քանի որ պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որում գտնվում ենք։ Մի կողմից ունենք աշխարհաքաղաքական բարդ իրադրություն, երբ իշխանությունների կողմից փորձ է կատարվում խաղաղություն հաստատել հարևանների հետ, մյուս կողմից էլ երեկ հայտարարվեց, որ ապրիլի 19-ին նախատեսվում է Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Չանտեսենք նաև այն հանգամանքը, որ փողոցից տուն չգնալու մասին հայտարարած Վանեցյանը վերջին օրերին գտնվում էր Մոսկվայում ու իր նախաձեռնության մասին հայտնեց Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո։
Ի՞նչ կարող է տալ ներհայաստանյան լարված իրավիճակը բացի Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցից առաջ երկրի բանակցային դիրքերը թուլացնելուց, անհայտ է։ Արդյոք սա՞ է մեր ընդդիմադիրների գերնպատակը, թե՝ այնուամենայնիվ եղանակների տաքացումն է նրանց՝ փողոց դուրս գալու բուն պատճառը, կհասկանանք կարճ ժամանակ անց։ Լսելով, թե ինչ առաջարկներ (կամ ավելի ճիշտ չառաջարկներ) են հնչեցնում Հայրենիքի փրկությամբ մտահոգները, մի բան միանշանակ է. նրանց գլխավոր նպատակը աթոռակռիվն է, քանի որ նրանք այլ գործնական փրկության ուղի չեն առաջարկում՝ բացի խոստումից, որ «մենք գանք՝ լավ կլինի»։
Կարծիքներ