Պետական ծառայության պաշտոնի անձնագրում կմտցվեն առավել մեղմ սահմանափակումներ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցույթան պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Սերգեյ Ատոմյանի, Կորյուն Մկրտչյանի, Սերգեյ Մովսիսյանի և Քրիստինե Պողոսյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում մտցնել առավել մեղմ սահմանափակումներ:
«Առաջարկվում է պետական ծառայության պաշտոնի անձնագրում բարձրագույն, գլխավոր և առաջատար պաշտոնների համար սահմանել մասնագիտական աշխատանքային փորձի առավել մեղմ սահմանափակումներ: Նախաձեռնությամբ նախատեսվում է պահանջվող առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժը փոխարինել երեք տարով, իսկ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը փոխարինել կրկին երեքով»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հարակից զեկուցող Աննա Կարապետյանը նշեց, որ պատգամավորների նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես ժամանակավոր լուծում՝ մինչ հանրային և քաղաքացիական ծառայությունների ոլորտում կատարվող բարեփոխումների ամբողջական իրականացումը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ», 2 «դեմ» և 19 «ձեռնպահ» ձայներով:
Կարծիքներ