Պարզվել է Թեղուտում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը․ նա ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը:
2023 թ. հուլիսի 6-ին՝ ուշ երեկոյան, «Դիլիջան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի 22-ամյա բնակիչ՝ կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած-ծակած, այդ թվում՝ թափանցող վերքերով: Երիտասարդը հետագա բուժման նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննությամբ փաստեր են ձեռք բերվել առ այն, որ դեպքը տեղի է ունեցել Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող հյուրատան մոտակայքում, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը Աբովյան համայնքի 20-ամյա բնակիչ է։
Նշված օրը` ժամը 22։30-ի սահմաններում, Թեղուտի նշված հյուրատան դիմաց 20-ամյա երիտասարդը, նույն հյուրատանն իր հետ միասին հյուրընկալված յոթ անձանց հետ, երաժշտության բարձր լինելու հարցի շուրջ վիճաբանել է Թեղուտի 22-ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ։ Վիճաբանության ընթացքում 22-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով 20-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի և որովայնի շրջաններին՝ պատճառելով ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, և ժամանակին բուժօգնություն ստանալու շնորհիվ նրա կյանքը հնարավոր է եղել փրկել, ինչի արդյունքում Աբովյանի բնակիչը, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ առգրավումներ, դեպքի վայրի զննություններ, հարցաքննություններ, խուզարկություններ։ Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Աբովյան համայնքի 20-ամյա բնակչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
Որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող երիտասարդին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Կարծիքներ