Եվրապատգամավորը ԵՄ-ին հորդորել է անհապաղ արձագանքել Արցախում Ադրբեջանի սադրիչ գործողություններին
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել Եվրամիությանը անհապաղ արձագանքել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
Ֆուրլասը մասնավորապես նշել է, որ «Ադրբեջանը սադրիչ կերպով կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի դեմ»՝ նոր զոհերի պատճառ դառնալով։ «Եվրամիությունը պետք է անհապաղ արձագանքի։ Մենակ չթողնենք հայերին, ովքեր այս պահին ունեն մեր կարիքը»,- նշել է նա։
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Մոտ երկու տասնյակ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Կարծիքներ