Մամ ջան չլացես, հերոս տղա ունես, տանկ եմ խփել. Սամվել Գևորգյանն անմահացավ հանուն հայրենիքի
Հայրենիքի պաշտպանության համար անմահացած Սամվել Գևորգյանի մայրը հիշում է՝ տղան միշտ եղել է ուրախ, ակտիվ, շարժուն, անսպառ հումորով և կյանքով լեցուն: Չնայած որ դեռևս դպրոցական տարիներից տեղափոխվել և բնակություն են հաստատել Մոսկվայում, բայց տղան պնդել է՝ պետք է անպայման հետ վերադառնա Հայաստան և ծառայի հայկական բանակում:
Freenews.am-ի հետ զրույցում տիկին Հասմիկը պատմում է .«Սամվելը շախմատ էր խաղում, մեծ հաջողությունների էր հասել՝ բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր ունի: Վճռել էր՝ մարզական կարիերան անպայման կշարունակի, սակայն ծառայությունից հետո: 2019 թվականին եկանք Հայաստան, որ անցնի ծառայության: Մատաղիսում էր ծառայում, ոչ մի օր բանակային կյանքից չի տրտնջացել, գոհ էր իր զինվորական կյանքից, անհամբեր սպասում էինք, որ հունվարին պիտի զորացրվեր»:
Մայրը հիշում է՝ սեպտեմբերի 27-ին Սամվելը կեսօրին զանգել էր մորն ու ասել. «Չլացես, չանհնագստանաս, ուղղակի հպարտացի, հերոս տղա ունես, տանկ եմ խփել ես, ամեն ինչ լավ է լինելու»: Պատերազմի մղձավանջային օրերին որդու հետ կարողացել են կապ պահել, հոկտեմբերի 6-ին սակայն վերջին զանգն են ստացել, հաջորդ օրը Մատաղիսի համար մղվող կատաղի մարտերում Սամվելը զոհվեց՝ կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները:
Կարծիքներ