Երևանում ամուսինը կնոջը հրազենային վնասվածք է պատճառել. ոստիկանություն
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ապրիլի 5-ին հաղորդում էր ստացվել, որ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.35-ին Նորաշխարյան փողոցի շենքերից մեկի մոտ, «Միցուբիշի» մեքենայի սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կնոջը օդաճնշիչ ատրճանակից կրակել, ապա ատրճանակի բռնակով հարվածներ էր հասցրել 34-ամյա ամուսինը, ինչից հետո մեքենայով դիմել էր փախուստի:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Մարտունու բաժնի և Գեղարքունիքի մարզի ՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ