Վայոց ձորի մարզպետը ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Վայոց ձորի մարզպետը ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ստեղծված իրավիճակում միջազգային հանրության կողմից ցուցաբերած ուշադրության համար՝ ընդգծելով վերջինիս՝ Ջերմուկ անձամբ այցելելու և  2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու ցանկության կարևորությունը։

Ջերմուկում անցկացված հանդիպմանը, որին ներկա էր նաև 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնադպետ Գրիգորյանը, մարզպետը ներկայացրեց համապարփակ տեղեկատվություն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում տեղի ունեցած միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն հասանելի դարձնել միջազգային հանրությանը։ Նա նշեց, որ հակառակորդի տեղակայումը քաղաքի մերձակայքում ունի հեռահար  հետևանքներ՝ զգալիորեն խաթարելով տեղի տնտեսությունն ու զբոսաշրջությունը՝ մարտահրավերներ ստեղծելով համայնքի համար։

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Այս համատեքստում  կողմերն այցելեցին թեմապատկան «Սիրանույշ» ճամբար, որտեղ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ուղեկցությամբ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և այնտեղ բնակվող  12 ընտանիքներին, լսեց նրանց պատմությունները։

Նշենք, որ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 16-ից 24-ը աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։ Այցի արդյունքները ներառվելու են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի համապարփակ զեկույցում, որը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանի ընթացքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում