«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ

«Ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է». Բրայան Մեյ

Հայաստանում շարունակվել են Սթարմուս միջազգային փառատոնի շրջանակում անկցավող միջոցառումները, ասուլիսներն ու հանդիպում-դասախոսությունները։

Ասուլիսով են հանդեց եկել Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրներ Բրայան Մեյը և Դայան Աքերմանը։ Բրայան Մեյն անդրադարձել է փառատոնի շրջանակում սեպտեմբերի 7-ին  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ սպասվող ելույթին։ Երաժիշտը հատուկ ընդգծել է, որ երեխաների հետ ելույթները նախևառաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։ «Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,- ասել է Մեյը։ Մեյը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, -«Երկրաշարժից ի վեր շատ մտահոգ եմ եղել Հայաստանի ճակատագրով, եղել են շատ դեպքեր, որ այլ երաժիշտների հետ գործակցությամբ ցանկացել եմ գալ Հայաստան: Այս անգամ ես վերջապես Հայաստանում եմ, և կարելի է ասել, որ դա իմ երազանքի իրականացումն է»։ Queen խմբի կիթառահարն առանձնակի ջերմությամբ է հիշել Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքը «Գլադիատոր» ֆիլմի նկարահանումների ձայնագրությունների ժամանակ։

Սթարմուսի շրջանակում անցկացվող դասախոսությունների շարքում ԵՊՀ-ն երեկ հյուրընկալել է շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորին։ Ուսանողները եզակի հնարավորություն են ունեցել ունկնդրելու ականավոր գիտնականի դասախոսությունը տիեզերական օբյեկտների, այդ թվում՝ Մայորի հայտնագործության՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակի, և աստղագիտության հետագա զարգացման գործում դրա ունեցած դերի մասին։

Հայաստանում Ամերիկյան համալսարանը հյուրընկալել է NASA-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի համակարգերի ինժեներ Նագին Կոքսին, ով ուսանողների հետ կիսվել է իր հարուստ փորձով։

Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայում էլ տիեզերքում աստղերի, մոլորակների և կյանքի բաղադրիչների ստեղծման թեմայով դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային աստղագիտական միության նախկին նախագահ Էվին ֆան Դիշյոքը։ «Ես ահռելի ներուժ տեսա Հայաստանում, հատկապես աստղագիտության ասպարեզում: Բյուրականի աստղադիտարանը երկար տարիներ ահռելի դեր է խաղացել համաշխարհային աստղագիտության մեջ: Ես նաև այլ բան տեսա: «Սթարմուսի» ընթացքում տեսա բազմաթիվ խանդավառ երիտասարդների, և կարծում եմ՝ հենց նրանք են Հայաստանի իրական ապագան»,- ասել է գիտնականը։


Դասախոսություններ են անցկացվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ագրարային համալսարաններում, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում։

Փառատոնի շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է նաև «Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը» թեմայով կոնֆերանսը, որին մասնակցել են անվանի գիտնականներ Թոնի Ֆադել, աշխարհում երրորդ կին Նոբելյան մրցանակակիր Դանա Սթրիքլենդը, Էմանուել Շարպենտիեն, Մաուրին Ռեյմոն, Ժան-Ժակ Դորդենը, Բերնհարդ Շոլկոպֆը, Կուրտ Վյութրիխը, Դեյվիդ Զամբուկան։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում