Ալպերում «ճաքած» լեռը կարող է ցանկացած պահի փլուզվել
Ալպերում Հոխֆոգել լեռը երկու մասի բաժանող ճեղքի փոփոխությունըը դիտարկող երկրաֆիզիկոսները բացահայտել են նրա տեկտոնական շարժումների որոշակի օրինաչափություններ: Դա անելու համար նրանք օգտագործել են սեյսմիկ սարքավորումներ, որոնք արձանագրել են ժայռի տատանման հաճախականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Earth Surface Processes and Landforms ամսագրում:
2592 մետր բարձրությամբ Հոխֆոգելը հսկայական ճեղքով կտրված է երկու մասի, որի լայնությունը տեղ-տեղ հասնում է հինգ մետրի: Ճեղքը շարունակում է մեծանալ տարեկան շուրջ հինգ միլիմետր:
Հատկանշական է, որ Գերմանիայի և Ավստրիայի սահմանը անցնում է այդ լեռով, և գիտնականները կանխատեսում են, որ ինչ-որ պահի ավստրիական հատվածը կփլուզվի, և 260 հազար խորանարդ մետր կրաքարային զանգված կհայտնվի Ավստրիայի Հորնբախ դաշտավայրում: Բայց երբ դա տեղի կունենա, դժվար է ասել:
Պոտսդամի Հելմհոլց կենտրոնի հետազոտողները սեյսմիկ տատանումներն արձանագրող սարքերի միջոցով ժայռի ամրությունը դիտարկելու տեխնիկա են մշակել:
Նրանք լեռան վրա տեղադրել են վեց սեյսմաչափ միմյանցից 30-40 մետր հեռավորության վրա: Մի քանի ամիս տվիչները գրանցել են լեռան տատանումների հաճախականությունը, որոնք առաջացել էին քամուց, ջերմաստիճանի փոփոխություններից և ապարների լարումից կամ թուլացումից, ինչպես նաև բազմաթիվ փոքր երկրաշարժերից:
Հեղինակները վերլուծել են ռեզոնանսային թրթռումը, որը տեղի է ունենում լեռան մեջ լարվածությունների առաջացման կամ դրանց վերանալու ընթացքում. գործընթացներ, որոնք, ըստ գիտնականների, կարող են լինել առաջիկա խոշոր տեղաշարժերի ազդարարողները:
Նորարարական մոտեցումն այն է, որ չափումներն իրականացվում են անմիջապես տեղում և շարունակական ռեժիմով: Նախկինում լեռան երկարաժամկետ մոնիտորինգը իրականացվում էր միայն հեռահաշվարկի կամ մեկանգամյա չափումների միջոցով: Այս մոտեցումներից ոչ մեկն ի վիճակի չէր նույնականացնել լեռան ներսում տեղի ունեցող գործընթացների օրինաչափությունները բավարար ժամանակային և տարածական մանրամասնելով:
Նոր մեթոդը հնարավորություն է տվել կառուցել լեռան տատանումների ցիկլային հաճախականության դիագրամ: Հինգից յոթ օրվա ընթացքում դրանց ամպլիտուդը 26-ից դարձել է 29 հերց, իսկ հետո երկու օրից էլ պակաս ժամանակահատվածում վերադարձել սկզբնական արժեքին:
Գիտնականները պարզել են, որ հաճախականության բարձրացումը կապված է լեռնային ապարների լարվածության աճի հետ, որի ժամանակ սովորաբար տեղի է ունենում անջատում. անջատումից անմիջապես առաջ ցիկլերը կարճանում են: Հեղինակները դա համարել են որպես առաջիկա փլուզման վտանգի կարևոր ցուցանիշ:
«Սեյսմիկ մոտեցման միջոցով մենք առաջին անգամ կարողացանք գրանցել այս ցիկլային երևույթները շարունակաբար և գրեթե իրական ժամանակում», – ասում է հոդվածի առաջին հեղինակ երկրաբան Մայքլ Դիտցեն: «Մենք հիմա ցույց տվեցինք, որ մեր հայեցակարգն աշխատում է և այժմ արդյունքները պետք է հաստատվեն այլ վայրում»:
Տեխնիկական տեսանկյունից դա այնքան էլ դժվար չէ, կարծում է Դիտցեն: Իսկ Ալպյան շատ գագաթների տեկտոնական ակտիվության բարձրացումը պահանջում է ավելի ճշգրիտ դիտարկումներ:
Հեղինակները նշում են, որ նույնիսկ եթե ժայռը փլուզվի, դատելով իրենց հաշվարկած քարաթափման հետագծից, Հորնբախի հովտի բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Կարծիքներ