Հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնեն ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները
2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ կմտնի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտը կարգավորող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ի թիվս այլնի.
սահմանվում է ակցիայի հասկացությունը և դրա տեսակները.
սահմանվում է զեղչի հասկացությունը և կիրառման պայմանները։ Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ երեք ամիս, զեղչի հաշվարկման ելակետային գինը և այլն.
տարանջատվում են զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը.
հստակեցվում են ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ հրապարակման բովանդակության նվազագույն պահանջները, հրապարակման տառաչափը, ակցիայի և դրա վերաբերյալ իրազեկման դադարեցման պայմանները.
նախատեսվում է, որ միջակայքով զեղչի դեպքում առավելագույն շեմով զեղչվում է ակցիայի մեկնարկի պահին ակցիան իրականացնողի մոտ առկա ակցիային մասնակցող ապրանքների կամ ծառայության առնվազն մեկ հինգերորդը։
Նշված կարգավորումները տարածվում են 2022 թվականի հուլիսի 31-ից հետո հայտարարվող ակցիաների վրա։
Կարևոր է ընդգծել նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով:
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ։
Կարծիքներ