ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
ԱԺ-ն արտահերթ նիստում 81 կողմ ձայնով ընդունեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ:
Նախագծի համահեղինակ Համազասպ Դանիելյանը ներկայացրեց նախագիծը: «Հստակեցվել է ընտրությունների անցկացման կարգը ռազմական և արտակարգ դրությունների պայմաններում՝ հնարավորություն տալով որոշակի դեպքերում ընտրություններ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ընտրությունների հրապարակայնության հետ կապված ԿԸՀ կայքը մեծապես հեշտացնելու է կուսակցությունների թեկնածուների, վստահված անձանց ու լրատվամիջոցների գործունեությունը:
Ընտրողների ցուցակների հետ կապված կարևոր փոփոխություն է եղել, որ հնարավորություն է տալու մեր հաշվարկներով մինչև 200 հազար անձանց անուն հանել ընտրողների ցուցակից: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք չունեն վավեր փաստաթղթեր: Սա մեծամասամբ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում չեն եղել երկար ժամանակ, բայց միաժամանակ երաշխավորելու է անգամ այդ պարագայում նման փաստաթուղթ ունեցող քաղաքացիների քվեարկությունը:
Նախընտրական քարոզչությունը ԶԼՄ-ներում. որոշակի կարգավորումներ, որ նախատեսված են վերգետնյա հեռուստաընկերությունների համար, տարածվելու են նաև կաբելային հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերությունների նկատմամբ:
Բանավեճեր, ընդ որում՝ ոչ միայն ԱԺ, այլև որոշ տեսակի ամենախոշոր ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Նախընտրական քարոզչությունը համացանցում. այստեղ նաև պարտադրվել է քաղաքական գովազդ իրականացնելու հետ կապված ծախսերը փաստաթղթավորել ու հրապարակել:
Ֆինանսական թափանցիկության առումով պարտադիր է լինելու այնպիսի առանցքային ծախսերի հայտարարագրումը, ինչպիսին է՝ շտաբների վարձակալությունը և անձնակազմի աշխատավարձը:
Ընտրակաշառքի կանխարգելման առումով մենք մեկ քայլ առաջ ենք գնում. Բարեգործական կազմակերպությունները, որ անուղղակի առնչություն ունեն թեկնածուների հետ, չեն կարող բարեգործություն իրականացնել:
Կանոնակարգվում է քարոզչությունը քվերարկության և դրա նախորդ օրը. արգելվում քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում որևէ անձի շարունակական ներկայությունը:
Հստակեցվել ու սահմանվել է վարչական ռեսուրսի կիրառում հասկացությունը, բացի այդ՝ հստակեցվել է քաղծառայողների հետ կապված քաղաքական զսպվածության սկզբունքի, վարքի կանոնները:
Ընտրական հանձնաժողովների հետ կապված մենք ամելացրել ենք արգելք. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող դառնալ մարդիկ, որ ունեն քրեական օրենսգրքի 149-154-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի (ընտրական հանցագործություններ) համար դատվածություն, անկախ նրանից՝ դա հանված է, թե մարված:
ԱԺ ընտրակարգի հետ կապված առանցքային մի քանի փոփոխություններ են կատարվել. Կուսակցությունների համար ընտրական գրավի չափի նվազեցում, ԱԺ անցողիկ շեմի վերանայում՝ հօգուտ կուսակցությունների, կայւուն մեծամասնության սահմանաչափի վերանայում՝ նվազեցման հաշվին»,- տեղեկացրեց Դանիելյանը:
Նշենք, որ նախագծով սահմանված դրույթների մի մասն ուժի մեջ կմտնի 2022թ., մի մասը՝ 2023թ հունվարի 1-ից:
Կարծիքներ