Ռուս բիզնեսմենի որդին կդառնա ցմահ պեր եւ կմտնի Մեծ Բրիտանիայի խորհրդարան
The Evening Standard եւ The Independent պարբերականների հրատարակիչ Եվգենի Լեբեդեւը հայտնվել է 36 մարդկանց ցանկում, որոնց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մտադիր է շնորհել ցմահ պերի տիտղոս, հայտնում է Forbes-ը:
Ցուցակում ռուսական ծագմամբ բիզնեսմենի անվան ներառումն անսպասելի էր, նշում է The Guardian-ը: Պարբերականը հիշեցնում է, որ 2018 թվականին Լեբեդեւը երեկույթ է անցկացրել բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ, որն այդ ժամանակ դեռեւս երկրի արտգործնախարարն էր:
Դրանից բացի, ընտրություններում հաղթելուց հետո արդեն ներկայիս վարչապետը եղել է Լեբեդեւի լոնդոնյան տանը մասնակցելու բիզնեսմենի հոր՝ նախկինում ՊԱԿ-ում ծառայած Ալեքսանդր Լեբեդեւի 60-ամյակի տոնակատարությանը, նշում է The Guardian-ը: Ալեքսանդր Լեբեդեւը նախկինում Forbes-ին ասել էր, որ Ջոնսոնն ու իր որդին մոտ 12 տարվա ընկերներ են, մասնավորապես նրանք միասին են միջոցներ հավաքել անգլիական բանակի անօթեւան նախկին ծառայողների օգնության համար:
Մինչեւ 2015 թվականը Լեբեդեւ ավագը մտնում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի մեջ: 2009 թվականին Լեբեդեւը գնել էր Evening Standard-ը, իսկ մեկ տարի անց՝ The Independent-ը: Երկու պարբերականներն էլ վնասով էին աշխատում, ուստի դրանց ձեռքբերումը թանկ չի եղել: Լեբեդեւը Evening Standard-ի համար վճարել է 8,3 մլն ֆունտ սթերլինգ, իսկ The Independent-ի համար՝ միայն խորհրդանշական 1 ֆունտ սթերլինգ: Գործարքից հետո Լեբեդեւը ռուսաստանցիների թվում դարձել էր բրիտանական խոշոր պարբերականի առաջին սեփականատերը:
Եվգենի Լեբեդեւից բացի, մարդկանց ցուցակում, որոնք նույնպես կարող են Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի իավունք ստանալ, եւս 35 մարդ կա: Նրանց թվում են վարչապետի եղբայր Ջո Ջոնսոնը, որն ավելի վաղ կառավարությունից հեռացել էր Brexit-ի հարցում Բորիս Ջոնսոնի տեսակետներին չհամաձայնվելու պատճառով, ինչպես նաեւ ֆինանսների նախկին նախարարներ Ֆիլիպ Համոնդը եւ Քեն Քլարքը, եւ նախկին վարչապետ Թերեզա Մեյի ամուսին Ֆիլիպը: Այս պահին բրիտանական խորհրդարանի վերին պալատին անդամակցում է 773 մարդ:
Կարծիքներ