Ամերիկյան F-15 կործանիչները 1 կմ անվտանգ հեռավորության վրա ուղեկցել են իրանական ուղևորատար օդանավը. ԱՄՆ Գլխավոր շտաբ
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնական նամակով կդիմի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհուրդ՝ Սիրիայի օդային տարածքում կործանիչների կողմից իրանական ուղևորատար օդանավի շրջափակելու դեպքի առնչությամբ՝ մանրամասներ ներկայացնելով միջադեպի վերաբերյալ և խդնրելով միջոցներ ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մինչ այդ հայտարարել էր, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները՝ չշտապելով գնահատական տալ դրան և մեղավորների անուններ նշել, բայց տեղի ունեցածի պատկերն ամբողջացնելուն պես անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր են ձեռնարկելու:
Միացյալ Նահանգների Գլխավոր շտաբն էլ հաստատել է շրջանառվող տեղեկությունները, որ օդանավին ամերիկյան կործանիչներ են մոտեցել՝ հայտարարելով, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչները մշտական դիտարկում կատարելու ժամանակ, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, 1 կմ անվտանգ հեռավորության վրա ուղեկցել են իրանական օդանավը:
«Օդանավի տեսողական դիտարկման նպատակն է եղել ապահովել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի՝ Սիրիայի Աթ-Թանֆում տեղակայված կայազորի անվտանգությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Mahat Air ավիաընկերության՝ Թեհրանից Բեյրութ ուղևորվող օդանավին կտրուկ 2 կործանիչ է մոտեցել: Ինքնաթիռում եղել է 156 ուղեւոր։ Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի «Ալ Թանաֆ» շրջանի մոտակայքում։
Սկզբում արաբական տարբեր լրատվամիջոցներ հաղորդում էին, որը օդանավը շրջապատել են Իսրայելի ռազմաօդային ինքնաթիռները, սակայն ավելի ուշ IRIB հեռուստառադիոընկերությունը, հղում անելով ինքնաթիռի օդաչուի հաղորդած տեղեկություններին, հայտնել էր, որ կործանիչներն ամերիկյան են եղել:
Կործանիչների կողմից շրջապատվելու ժամանակ ինքնաթիռը, հնարավոր բախումից խուսափելու նպատակով, կտրուկ մանևրներ է կատարել, ինչի հետևանքով 3 ուղևոր, ինչպես նաև՝ սպասարկող անձնակազմի անդամներ են տուժել:
Ավելի ուշ հաղորդվել է, որ օդանավը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում:
Կարծիքներ