Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման դեպքում Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը ստորագրելու դեպքում Երևանն ավելի կայուն իրավիճակ կստանար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«2022 թ.-ի աշնանը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ փաստաթուղթ էր նախապատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան: Փաստաթուղթն ամբողջությամբ համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին՝ հենց գագաթնաժողովում, հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ օրս այն թղթի վրա է և չի իրականացվում: Բայց եթե Երևանը հաստատեր այն, ինչ արդեն համաձայնեցված էր, և պատրաստ մնար ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», - նշել է Լավրովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: Վարչապետն ընդգծել էր, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
Կարծիքներ