Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալինի ղեկավարի պաշտոնակատար. համայնքում նոր ընտրություններ կլինեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Թալինի գործող ղեկավարը նշանակվել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համապատասխան որոշման ,մեջ ասվում է.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝
Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 12-ին որոշում էր ընդունել վաղաժամկետ դադարեցնել Թալին համայնքի ավագանու լիազորությունները և համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Դրանց անկացման օրը դեռ հայտնի չէ, այդ մասին որոշումը կհրապարակի ԿԸՀ-ն:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն, որից հետո Թալին համայնքի ավագանին ընտրվել էր և մանդատները բաշխվել են 4 կուսակցությունների միջև.
1) «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն՝ 6 մանդատ.
2) «Հայք» լիբերալ կուսակցություն՝ 3 մանդատ.
3) «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ,
4) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 10 մանդատ:
Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
Փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ՝ Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Կարծիքներ