Թող պատասխանեն՝ ինչո՞ւ էին մեր ամանի մեջ լցնում ջուր, կաղամբ, կարտոֆիլ ու կիլկի, հացն էլ՝ 7 օրը մեկ. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հիշել և հիշեցրել է իր բանակային տարիները, երբ նախագահ էր Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարը՝ Սերժ Սարգսյանը, իսկ Սեյրան Օհանյանը 1-ին բանակային կորպուսի հրամանատարն էր։
«Մի հատ ընդհանուր «բուկետ» էր։ Մի հատ սրիկա, ոչնչություն կար, կանգնում էր ճաշարանի դռան մոտ ու ռետինե մահակով 18 տարեկան երեխաներին, որոնք մտնում էին հաց ուտելու, ուղղակի հարվածում էր: Մեկ այլ «ոչնչություն» էլ գիշերը որս էր կազմակերպում։
Գիշերը որոշ զինվորներ փորձում էին գնալ Հոկտեմբերյան՝ ուտելիք հայթայթելու, պատկերացնո՞ւմ եք, իսկ էդ սրիկան դուրս էր գալիս որսի, մի հատ «Ջիպ» մեքենա ուներ, բռնում էր երեխաներին ու ծեծելով բերում էր. իր համար դա զբաղմունք էր»,- ԱԺ-ում պատմեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հետաքրքրվեց՝ ուր է Սեյրան Օհանյանը, ուր են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, որ «մեծ-մեծ խոսում են»։
«Թող գան, ինձ պատասխան տան՝ ինչու էին մեր ամանի մեջ լցնում եռացրած ջուր, կտրտած կաղամբ, կարտոֆիլ ու кильки в томатном соусе, եռացնում էին ու տալիս երեխեքին, հաց էլ տալիս էին յոթ օրը մեկ... կներեք, որ պատմում եմ, բայց պետք է սա շփցնել միլիոնատերերի երեսներին, ո՞ւր են սրանք, ո՞ւր է «Հայր մեր»-ը չիմացող մարդը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր խմբակցություններից այնքան մարդ կա բանտերում տեղավորելու։
«Որ տենց քաղաքական տեղավորելու լիներ, բանտերում տեղ չէր լինի, հերթով բոլորիդ կտեղավորեինք բանտերում՝ ստելու ու ուրիշների համար աշխատելու համար»,- նշեց նա:
Վերջում Ալեն Սիմոնյանը կոչ արեց Լևոն Քոչարյանին և Իշխան Սաղաթելյանին վերադառնալ դահլիճ. «Իրենց բան չի լինի այստեղ, վերջին տարբերակ՝ կանանցով կպաշտպանեն»։
Կարծիքներ