2018-ին ինձ լիարժեք չեմ ընկալել որպես ՀՀ վարչապետ, այլ որպես ֆորպոստի ղեկավար․ Նիկոլ Փաշինյան

«Ինձ հարց էի տալիս․ եթե լինեի ընդդիմադիր, ինչպե՞ս կքննադատեի մեր Կառավարությանն ու կքննադատեի՞ արդյոք, թե՞ ոչ»։
Այս մասին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հետո արձանագրեցի, որ երբեք չի եղել ու չի լինի որևէ Կառավարություն, որին օբյեկտիվորեն հնարավոր չի լինի կամ պետք չի լինի քննադատել։ Դա ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է»,- նշեց նա։
Այնուհետև վարչապետը նկատեց, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ որպես ֆորպոստի ղեկավար։
«Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։
Ես արձանագրում եմ, որ ես Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի ժողովրդի շնորհիվ»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ սովորաբար ֆորպոստի խոսույթը կապվում է մի կոնկրետ երկրի հետ, բայց դա ահավոր մեծ անարդարություն է. «Իրականում ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ հյուսիսից, հարավից, արևելքից և արևմուտքից։ Բայց ամենակարևորը ֆորպոստացման կրիտիկական զանգվածը մենք ենք եղել։ Մենք ենք ապահովել այն»։
Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ հայ հասարակությունը, քաղաքական էլիտան և ինքը՝ որպես պաշտոնյա, ամբողջությամբ չեն գիտակցել սեփական ինքնիշխան պետություն լինելու փաստը. «Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, որ մենք ենք կառավարություն, խորհրդարան, ժողովուրդ»։
Կարծիքներ